Կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղերը: ՈՒժեղ-թույլերի մրցակցություններում առաջիններն իրենց անելիքն արեցին, բնականաբար թույլերն էլ` իրենցը, բայց թե այնպես էլ չէ, որ միանշանակ պնդենք` անակնկալներ չեղան:
B խմբի նախորդ տուրում հյուրընկալվելիս թուրքական «Գալաթասարային» ավերիչ պարտության մատնելուց հետո Մադրիդի «Ռեալը» զիջումների չգնաց և «Կոպենհագենի» հետ խաղում: Իհարկե, 4:0-ն (Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ) պակաս տպավորիչ է 6:1-ից, սակայն երկու խաղից վեց միավորը գնդակների ազդեցիկ 10:1 հարաբերությամբ ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է:
Կոպենհագենից մեկ միավորով վերադարձած «Յուվենտուսը» լրիվ իրավունք ուներ «Գալաթասարայի» հետ խաղում երեք միավորի ակնկալիք ունենալու, այն էլ սեփական հարկի տակ, սակայն արի ու տես, որ ակնկալիքն ուրիշ բան է, իրականությունը` մեկ այլ բան: Չանդրադառնանք խաղի դրամատիկ ընթացքին (հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2), բայց որ հիշում ես, թե Իտալիայի չեմպիոնը դիմացը երկու խաղ ունի «Ռեալի» հետ, տխրություն չի կարող չիջնել հոգուդ, իսկ թուրքերը, ովքեր Ֆաթիհ Թերիմի հրաժարականից հետո արդեն նոր մարզիչ ունեն, ի դեմս Ռոբերտո Մանչինիի, վերջնահաշվում լրիվ իրավունք ունեն իրենց երկրորդ հորիզոնականում տեսնելու, մանավանդ որ դիմացը նրանց անհամեմատ հեշտ խաղեր են սպասում:
Վեց միավոր ունի նաև C խմբում հանդես եկող ՊՍԺ-ն, որը, նաև Իբրահիմովիչի երկու գոլերի հաշվին, անխնա եղավ «Բենֆիկայի» նկատմամբ (3:0): Ավելի քան ակնհայտ է, որ այստեղ «Անդերլեխտը» դիտորդի կարգավիճակում է (0:3 հաշվով պարտվել է «Օլիմպիակոսին»), եթե, իհարկե, հրաշքներ չլինեն: Ինչ վերաբերում է հունական ակումբին, երկրորդ տեղի համար նա դեռ կռիվ կտա «Բենֆիկայի» հետ:
D խմբում «Բավարիայի» մտքով իսկ չի անցնում առաջին հորիզոնականը որևէ մեկին զիջել: Սույնը ևս մեկ անգամ հաստատեց մյունխենյան ակումբի Անգլիա կատարած վոյաժը: «Մանչեստր Սիթին» որքան էլ փորձեց ատամ կրճտացնել, այդուհանդերձ չդիմացավ գվարդիոլական ձեռագիր ձեռք բերող գերմանական մեքենային (1:3):
«Վիկտորիայի» նկատմամբ տարած 3:2 հաշվով հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն վերջնահաշվում հարկավ կարող է երկրորդ տեղի հույսեր փայփայել, բայց թե մարդու հավատը չի գալիս, որ «Սիթին» կարող է նման զիջման գնալ, որքան էլ որ ակումբն առանձնապես աչքի չի ընկնում Չեմպիոնների լիգայի խաղարկություններում: Բայց թե հետևությունների մեջ եկեք չշտապենք` ուղղորդիչ ունենալով «կապրենք` կտեսնենք» փիլիսոփայությունը:
Ներքին առաջնությունում վերելքով հանդես եկող անգլիական «Արսենալը» F խմբում էլ զիջումների չի տրամադրված: Համենայն դեպս, «Նապոլիի» նկատմամբ հաղթանակը (2:0) տպավորիչ էր ոչ միայն արդյունքով, այլև խաղի բովանդակային որակով: Ինչ վերաբերում է իտալական ակումբի հետ ունեցած արտագնա խաղում միավոր չվաստակած «Բորուսիային», դորտմունդցիները հույսի նշույլ իսկ չթողեցին «Մարսելին» (3:0): Իհարկե, ափսոսել կարելի է, որ Հենրիխ Մխիթարյանն այդպես էլ չի շտապում ուրախացնել մեզ Չեմպիոնների լիգայում խփած գոլով, սակայն Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի օգտակար գործողության գործակիցը կա ու շարունակում է մնալ բարձր: Ինչ խոսք, որ ոչ «Արսենալի» ունեցած վեց, ոչ էլ «Բորուսիայի» ունեցած երեք միավորը վերջնականապես ոչինչ չեն որոշում, քանզի իտալական ակումբը, համոզված եմ, դեռ խաղեր կտա այստեղ: Չմոռանանք, որ Բենիտեսը բարձր որակավորում ունեցող մարզիչ է, «Նապոլիում» էլ երեկվա տղաներ չեն խաղում: Համենայն դեպս, սա չեմպիոնների լիգայի բարդ խմբերից մեկն է:
Երկու խաղից հետո E խմբում վեց միավորով առաջատարը «Շալկեն» է: Հերթականում գերմանական ակումբը 1:0 հաշվով առավելության հասավ «Բազելի» նկատմամբ ու դա արեց հյուրընկալվելիս: Նախորդ խաղում սեփական հարկի տակ «Բազելից» կրած պարտությունից հետո (1:2) «Չելսին» մեղքերի թողություն խնդրեց երկրպագուներից` արտագնա խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկելով ռումինական թիմի դարպասը:
Երկու խաղից հետո վեցական միավոր ունեն նաև «Բարսելոնը» (H խումբ) և Մադրիդի «Աթլետիկոն» (G խումբ): Առաջինը նվազագույն հաշվով հաղթել է «Սելթիկին» (այստեղ միջանկյալ ասենք, որ անցած տարի, հյուրընկալելիս, շոտլանդացիները 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ էին տարել կատալոնյան ակումբի նկատմամբ. այնպես որ սա յուրօրինակ ռևանշ էր), երկրորդը` «Պորտուին» (2:1): Երկուսն էլ հաղթական միավորները ձեռք են բերել արտագնա խաղում: Բարսելոնյան խմբում «Այաքսն» ու «Միլանը» միմյանց հետ խաղացել են ոչ-ոքի` 1:1 (իտալացիները փրկվել են խիստ կասկածելի նշանակված տասնմեկմետրանոցի իրացումից հետո), մադրիդյանում «Զենիթը» ոչ-ոքի` 0:0 է խաղացել «Աուստրիայի» հետ:
Ինչ վերաբերում է A խմբին, այստեղ կատարյալ անորոշություն է: 1:1 հաշվով ավարտված «Շախտյոր»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը չորսական միավորով երկուսին էլ պահում է աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում` ընդամենը մեկ միավորի առավելություն ապահովելով «Բայերից», որը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»:
Եթե ուշադիր եղաք, միակ ֆուտբոլային գերտերությունը, որի ակումբներից և ոչ մեկն այս երեքշաբթի-չորեքշաբթի պարտություն չի կրել, Գերմանիան է, իսկ երկուսը` Մյունխենի «Բավարիան» ու «Շալկեն», գլխավորում են խմբային աղյուսակը: Այս վերջին ցուցանիշով նրա հետ հավասար ոտք են գցում Իսպանիան («Ռեալ», «Բարսելոն») ու Անգլիան («Արսենալ», «Մանչեստր Յունայթեդ»): Այս վեց թիմից երկուսը` «Բարսելոնն» ու «Արսենալը», գլխավորում են ներքին առաջնությունների մրցաշարային աղյուսակը:
Մի երկու խոսք էլ Չեմպիոնների լիգայի ռմբարկուների մասին: Հնգական գոլով այս պահի դրությամբ նրանք երեքն են` Քրիշտիանու Ռոնալդուն (Մադրիդի «Ռեալ»), Ռոման Շիրոկովը («Զենիթ»), Մարիան Չիշովսկին («Վիկտորիա»): Ինչ վերաբերում է Մեսիին, արգենտինացին երեք գոլի հեղինակ է դարձել: Տեղեկացնենք նաև, որ վնասվածքի պատճառով Լեոն բաց է թողել «Սելթիկի» հետ խաղը:
ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՏԵ («Յուվենտուսի» գլխավոր մարզիչ) -Ես հիասթափված եմ: Բաց թողած գնդակից հետո մենք խաղը բերեցինք անհրաժեշտ հուն, սակայն հանդիպման վերջում ապաշնորհ ձևով հաղթանակը բաց թողեցինք: Մենք պետք է ավելի ուշադիր լինեինք ու գործեինք սառը գլխով: Տղաները շատ ջանացին և ի վերջո խաղը վերցրին իրենց հսկողության տակ, դրա համար էլ ես չեմ կարող նրանց քննադատել:
ԽՈՍԵՊ ԳՎԱՐԴԻՈԼԱ («Բավարիայի» գլխավոր մարզիչ) -Գալ Մանչեստր ու այստեղ հաղթել «քաղաքացիներին»` պարզապես երջանկություն է: Այսօր «Բավարիան» ձեռք բերեց ևս երեք միավոր և մեծ քայլ կատարեց մրցաշարի փլեյ օֆ: Ես երջանիկ եմ:
ՄԱՆՈՒԵԼ ՊԵԼԵԳՐԻՆԻ («Մանչեստր Սիթիի» գլխավոր մարզիչ) -Մենք շատ վատ խաղացինք: «Սիթիի» կատարմամբ ֆուտբոլն անտանելի էր: Թույլ տվեցինք մի քանի անհատական սխալներ, որոնք հանգեցրին բաց թողնված գնդակների: Երբ «Բավարիան» հսկողության տակ էր առնում գնդակը, վերահսկում էր ամեն ինչ: Մենք ոչ մի բանում չկարողացանք հակադարձել մյունխենցիներին: Մեզ անհրաժեշտ է վերանայել մեր տակտիկայի շատ ասպեկտներ:
ԴԵՅՎԻԴ ՄՈՅԵՍ («Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ) -Թիմը լավ սկսեց խաղը, մենք արագ գոլ խփեցինք: Թվում էր` մրցակիցն աչքի ընկնելու հնարավորություն չի ունենա: Ընդմիջմանը ես խաղացողներին ասացի, որ մեզ անհրաժեշտ է գնդակը լավ վերահսկել: Ես հիասթափված եմ, որ մեզ չհաջողվեց գնդակը մեր հսկողության տակ պահել: Եթե վան Պերսին կարողանար մի պահ էլ օգտագործել ու գոլ խփել, ապա մենք այստեղից կհեռանայինք երեք միավորով:
ՌՈԲԵՐՏՈ ՄԱՆՉԻՆԻ («Գալաթասարայի» գլխավոր մարզիչ) -Ինձ անհրաժեշտ է իմ խաղացողներին ավելի լավ իմանալ, քանի որ մենք բավականաչափ ծանոթ չենք: Հասկանում էի, որ մեզ ծանր խաղ է սպասում, որովհետև «Յուվենտուսը» հրաշալի կազմ ունի: Երկրորդ խաղակեսում մենք ֆիզիկապես տեղի տվեցինք, մեզ անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատել: «Յուվենտուսն» առաջինը բաց թողեց, սակայն պարգևատրվեց տասնմեկմետրանոցով, որը տարօրինակ կանվանեի: Եթե այն չլիներ, ապա թուրինցիները մեր դարպասը չէին գրավի: Տասնմեկմետրանոց չկար, այն մրցավարի սխալն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ